2 мар. 2012 г.

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (Ելույթներ)




...Ես ուզում եմ խոսքս ավարտել` կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին։ Անկախ ամեն տեսակի քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերից` դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռնամխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան եւ կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ. դա կարող է մեզ կործանման տանել։ Եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդյունքն արդեն տեսել ենք, երկիրը կկործանվի։ Խնդրել եմ եւ խնդրելով պահանջում եմ` հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք բոլոր տեսակի քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։ Իսկ ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կփորձեն կուսակցականություն մտցնել, գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի իրենք դատվեն որպես դավաճաններ` քրեական օրենսգրքին համապատասխան։
Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած` ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցներին մեջ դավաճաններ մի փնտրեք։ Եվ, եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ, մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքից, յուրաքանչյուր շրջանից եթե ընդամենը 10-15 տղա գա` մենք կունենանք 500 հոգանոց (ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ` կարելի է հավաքել տասնյակ հազարներ, բայց ես ուզում եմ 500) մահապարտների զորագունդ։ Էդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրելու հավանականությունը 50-50 տոկոսի նկատմամբ է։
Վաղը չէ մյուս օրը յուրաքանչյուր շրջանից` 10-15-ական հոգի։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետեւ իրականում ոչինչ չի պատահել, որովհետեւ իրականում թշնամին նույն թշնամին է, ոնց որ առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արթնացում, էսպես ցնցում, եւ էդ ցնցումը մենք պիտի անենք` դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոգեւորվի։ Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու եւ կենդանի մնալու հավանականությունը կեսի-կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, եւ եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։
Շնորհակալ եմ։։

ՀԵՌՈՒՍՏԱԵԼՈՒՅԹ 15 օգոստոս 1992թ.


ՙ…Ես կարճ պիտի ասեմ, բանակն ստեղծվում է, եւ օրենքներն ավելի հետ են ընկել։ Ես ձեզ խոստացել եմ, այս ամսին ձեզ կներկայացնենք մեր գնդերը։ Առանց աղաղակի ենք անում։ Դա ճիշտ է։ Եվ օրենքները հետ են ընկել, եւ ես ձեզ կխնդրեի օրենքները հասնեն բանակի ստեղծմանը։ Ներկայացված փաստաթուղթը ես կխնդրեի խորհրդարանից, որպեսզի ընդունի, որովհետեւ այդ նույն հայեցի մտածելակերպը մենք էլ ունենք։ Մի ժամանակ ես զբաղվում էի գրականությամբ եւ, կարծեմ, վատ գրող չէի։ Բայց, երբեմն շահերն ավելի կարեւոր են, քան, ասենք, ցանկությունները։ Հիմա ես կխնդրեի օրենքն ընդունվի այնպես, ինչպես որ կա, քանի որ բազմաթիվ նրբություններ կան։ Բայց հասկացեք, սպաները, որ պիտի գան Հայաստան, գալու են ոչ թե Հաբեշստանից կամ Թուրքիայից, այլ գալու են նույն ՙԷՍԷՆԳԵ՚-ի երկրներից։ Եվ, որպեսզի այդ բալանսը չխախտվի, պահպանվի, ամենաառաջին հերթին անհրաժեշտ է անցումը լինի սահուն, անհրաժեշտ է, որ դա պահպանվի, ամենառաջին հերթին։
ԵԼՈՒՅԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ 10 մարտի 1992թ.


Իսկ այսօր սփոփվեք խնդրում եմ նրանով, որ մենք` ձեր որդիներն ու թոռները, ձեր օրինակով ու ոգով դաստիարակված, նույն մայիսի 9-ին, բայց արդեն 1992թ. ազատագրեցինք հայոց պանծալի Շուշի քաղաքը։
Թույլ տվեք այդ հաղթանակը նվիրել նաեւ ձեզ` մեր զոհված ընկերների մայրերի, կանանց ու զավակների հետ հավասարաչափ։ Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենապանծալի հաղթանակներից է։ Վերջնական հաղթանակներից։ Հավատացեք, եւս 50, եւս 500, 5000 տարի, հավերժ Շուշին հայկական է լինելու։ Դրա ամենափայլուն առհավատչյան մայիսի 9-ին Ստեփանակերտում կայանալիք ռազմական շքերթն է լինելու։ Ով աչք ունի, թող տեսնի, ով ականջ ունի, թող լսի տանկերի հռնդյունը, ով սիրտ ունի, թող ցնծա ուրախությունից։ Մենք հաղթել ենք, մենք վերջնականապես հաղթելու ենք 20-րդ դարում։
Թող բոլորն իմանան, որ արհավիրքներով ու պատերազմով անցած հայ ժողովուրդը շարունակում է մնալ բարձր կուլտուրայի եւ մշակույթի ժողովուրդ։ Որ անխախտելի պաշտպանությամբ եւ բարձր մշակույթով ու գիտությամբ է պայմանավորված մեր երկրի ապագան։ Որ մեր պատմության հազարամյա ճանապարհներին մենք չենք սպառել հավատքի ու խանդավառության պաշարները եւ 21-րդ դար ենք մտնելու բոլոր իմաստներով հաղթանակած, կուռ, միասնական… Փառք ու պատիվ բոլորիդ։ Հավերժ փա՜ռք զոհվածներին։ Այսօր, միլիոնավորներից առանձնացնելով մեզ` հազարներիդ, առաջին անգամ փորձում ենք գործով ապացուցել, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել… Նրանք, ովքեր տեր կանգնեցին այս երկրի ծանր վիճակին, պիտի դառնան այս երկրի լայն օրվա տերը։ Ձեր երեխաներինը պիտի լինի այս երկրում ամենաերաշխավորված ապագան։ Եվ եթե, Աստված չանի, մեզ նորից պատերազմ պարտադրեն, համոզված եմ, որ նաեւ ձեր անկոտրում ու մարտական անգնահատելի փորձով մենք մեր զոհված ընկերների գործը կիսատ եւ մեր երեխաներին` անավարտ գործ չենք թողնի։
ՀԱՏՎԱԾՆԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ 1997թ.


Միայն հզոր տնտեսությունը կարող է ապահովել հզոր բանակի գոյությունը։ Մեզ մոտ անբնական բան է կատարվել, որ բանակը առաջ է ընկել պետությունից։ Այս միտումը հղի է լուրջ վտանգներով։ Հզոր պետության քարշիչ ուժը տնտեսությունն է։ Այն պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանա հասնել եւ անցնել բանակից։ Պետության գերխնդիրն է սա։ Մեր կողմից խոստանում ենք առաջիկա 2-3 տարիների ընթացքում մեծ բեռ չդառնալ պետության ուսերին, քչով բավարարվել։ Դա չի նշանակում, որ բանակի հոգսերը միայն բանակի ղեկավարության հույսին պետք է թողնել։ Բանակը եղել է եւ պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։
Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային եւ մեզ կռվել սովորեցնեին։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փառք Աստծո, վատ չկռվեցինք։ Այսօր այլ են պահանջները։ Միայն ոգեղեն խոսքով եւ ռոմանտիկ պատկերացումներով սպային բանակի հետ չես կապի։ Նյութական գործոնն այսօր գերիշխող է քաղաքականության մեջ, հասարակության մեջ, մարդկային փոխհարաբերություններում։ Կամա թե ակամա այն պետք է մտներ բանակ եւ ազդեր մեր բանակային քաղաքականության վրա։
- Պարոն նախարար, մարդուն տրվում է մեկ կյանք, եւ նա ուզում է այն ապրել լիարժեք` վայելել, սիրել, ճամփորդել, ինչպես ֆրանսիացին, ամերիկացին։ Երբ հային կենաց եւ մահու կոչվ եք դիմում (նկատի ունեմ հատկապես Մահապարտների գումարտակ կազմակերպելու Ձեր պատմական դիմումը), Ձեր հոգու վրա մեծ մեղք չե՞ք վերցնում, որպես անձ կարողանո՞ւմ եք մարսել դրա հետեւանքները։
- Լավ ասացիք` ինչպես ֆրանսիացին, ամերիկացին։ Ֆրանսիացիք, ամերիկացիք իրենց կռիվն արել-պրծել են, պետություն են ստեղծել, եւ այն ժամանակ քիչ զոհեր չեն տվել։ Այսօր նրանք իրավունք ունեն ճամփորդել, սիրել, իրենց դեմոկրատիան խաղալ։ Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել։ Ճիշտ եմ արել, որ կենաց եւ մահու ընտրության կոչով եմ դիմել։ 1915թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն։ Տասնյակ հազարավոր մարդիկ այդ ընթացքում զոհվեցին բնական աղետներից։ Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ժամանակային ինչ-որ հանգրվանում իրենց պատերազմը տվել են։ Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կեսճանապարհին չեն հոգնել։ Ռուսները երբ զգացին, որ բանակների պատերազմում տանուլ են տալիս Նապոլեոնին, հնարեցին Հայրենական պատերազմը։ Եվ դա ամենագեղեցիկ բանն է, որ երբեւէ հնարել է որեւէ ժողովուրդ։ Ասելս այն է, որ մեր պատմության շառավիղներում մենք չցուցաբերեցինք համապատասխան կամք, հավաքականություն, չունեցանք մեր 50-հազարանոց բանակը, չունեցանք Հայրենական պատերազմ հնարելու ռուսական հրաշագործ միտքը, այլապես այսօր ֆրանսիացու պես կճամփորդեինք, կսիրեինք, դեմոկրատիա կխաղայինաք, մարդու իրավունքներից կխոսեինք, կենդանիների եւ բնության գաղափար կմոգոնեինք։ Չունեմ խղճի խայթ։ Եթե կարիք լինի, էլի կդիմեմ։ Խղճի խայթ այսօր ունենք, երբ հարաբերական խաղաղության պայմաններում զինվորներ են անիմաստ զոհվում։
Պարզապես հավատում եմ Հայաստանի ապագային։ Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ, անկախություն բառն արտասանելիս, չկա ոգեւորություն։ Դա ցավալի է, բայց փաստ է։ Մենք` այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այս գաղափարները։ Նույն կերպ ես արտահայտվում եմ պատերազմի մասին։ Աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմը չի սիրում, չկա նաեւ մի այնպիսի ժողովուրդ, որ չհարգի իր ազատագրական պատերազմը։ Այդպիսի ժողովուրդները վտարվելու են պատմության ընթացքից։ Չի կարելի բոլոր դժվարություններն ու ծանրությունները պատերազմով բացատրել։ Դա այդպես չէ, Այս պատերազմը մինչեւ այս պահը մեզ ավելին է տվել, քան վերցրել է։ Եթե մենք ազգովի հանկարծ ատենք մեր պատերազմը` պարտության վտանգն ավելի կմոտենա մեզ։ Պատերազմի նկատմամբ ազգովի ատելությունը կհանգեցնի ազգի կործանման, բանակի քայքայման։ Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի։
ՙՀԱՅ ԶԻՆՎՈՐ՚, 27 դեկտեմբերի 1997թ.


Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես։ Պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին։ Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն։ Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա:Ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, եւ իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգիստ եղեք։
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
23 հունվարի 1998թ.


Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով` թշնամին կարող է ջարդուփշուր լինել։ Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլեւս խփել, կուլ տալ հնարավոր չէ։ Դա է Արցախի փրկությունը, եւ մենք` ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ` իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին։ Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում եւ ոչ թե ջլատում։ Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն։ Կարելի է ասել, որ այսօր գրեթե 99 տոկոսով այդ կենտրոնացվածությունը կա, ինչը պիտի ամրացնենք։ Իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ։
Առաջին հերթին կուզեի խոսել հայ զինվորի բարոյական կերպարի մասին։ Նրա բարոյական դիմագիծը ։Պետք է լինի անարատ։ Մենք երկար ժամանակ բանակ, զինվոր չենք ունեցել, եւ նորաստեղծ մեր կառույցը պիտի լինի զուլալ, արմատը` շատ մաքուր։ Հայ զինվորին կուզեի տեսնել անբիծ, անշահախնդիր եւ պետական մտածողության տեր, ինչը, ցավոք, այսօր բացակայում է։
Մեզ համար մեծագույն չարիք է խմբապետությունը, ինչից հարկ է, որ ազատվենք։ Եթե հայ զինվորը չսովորի ենթարկվել հայ եֆրեյտորին, մենք երբեք չենք կարող բանակ ստեղծել։ 
ՙՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ԵՖՐԵՅՏՈՐԻՆ՚
24.01.1992թ.


…Դարը շուռ է գալիս։ Էջ ենք թերթում։ Նոր էջ ենք գրելու։ Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու։ Հազարամյակ է փոխվում։ Դա էլ իր ներքին արձագանքն է ունենալու մեր ինքնագիտակցության մեջ, հոգեբանության, ենթագիտակցության։ Մենք զգայական ազգ ենք եւ միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս. շատ հանճախ զգայականությունն օգուտ է տալիս։ 88-ը հիշի։ Սրտով ասված խոսքը երկար արձագանքվում է։
…Քանի էս երկիրը վերջնականապես պատերազմից դուրս չի եկել, ամենակարեւորը, այնուամենայնիվ, մնում է բանակը` եւ աշխարհի հետ հարաբերություններում, եւ ներքին գործունեության համար։ Որ օրը ժողովուրդը տեսավ, որ բանակն էլ է ձեռքից գնում, մեր վերջին օրը կլինի…
…Ինձ չեն հասկանում։ Ինձնից վախենում են։ Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են։ Դե դու քո կերպարը փոխի։ Կփոխե՞ս։ Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի. ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ. իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա։ Դրա համար էլ չեմ ասում։ Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ո՞վ է ինքը։ ալիս է պահ` ինքդ քեզնից հոգնում ես. հեռանալ ես ուզում։ Նշանակում է մեջդ այլեւս էներգիա չկա։ Տղամարդ եմ ասել, որ այդ պահին դիմանա։
ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ 7 մայիս 1999թ.


- Համապատասխանո՞ւմ է արդյոք, սպայական կազմի մակարդակը շարքայիններին ղեկավարելու համար։
- Ասենք թե սպայական կազմը, մոտավոր թիվ ասեմ, 15 հազարանոց մի մարմին է, որից ընդամենը 200-300-ի հետ է մեր անմիջական շփումը։ Մնացածը` միջին օղակի սպայական կազմը, անմիջական վերահսկողության տակ չէ։ Այսպիսի խոսք կա` ձուկը գլխից է հոտում, սակայն բանակի սպայական անձնակազմի մասին այդպիսի բան չի կարելի ասել։ Որովհետեւ ես վստահ եմ, որ այդ 200-300 հոգու մեծամասնությունն ազնիվ մարդիկ են եւ նրանց շնորհիվ է բանակը պահվում։ Իսկ միջին օղակը մի շերտ է, որ երբեք չենք ունեցել։ Խորհրդային բանակում հայ սպաները շատ չնչին տոկոս էին կազմում, հայի գիտակցության մեջ դա զարգացած չէր։ Շատ լավ հիշում եմ, որ սովորաբար հայ երիտասարդը, երբ վերադառնում էր խորհրդային բանակից, գլուխ էր գովում, որ աշխատել է խոհանոցում։ Դա մտածելակերպ է։ Այսինքն` այդ միջին օղակը մենք պետք է ստեղծեինք հենց պատերազմի ընթացքում։ Այդ օղակը լրացրեցինք ֆիդայիներով, բուհ ավարտած երիտասարդներով, այսինքն` նրանք պրոֆեսիոնալներ չեն։ Ու հաճախ շատ բաներ չեն անում ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում, այլ, որովհետեւ չգիտեն` ինչպես անեն։ Սա ասում եմ` դեռ հաշվի չառնելով նրանց սոցիալական վիճակը։ Եթե ճիշտ ծառայեն, ընտանեկան հոգսերով զբաղվելու ժամանակ չեն ունենա։
- Չե՞ք ցանկանում կաշառքով բանակից ազատվելն օրինականացնել, այսինքն` թույլ տալ ՙփրկագին՚ վճարել։
- Դա տարբերակ չէ։ Բանակին ոչ թե փող է պակասում, այլ բարոյականություն, արդարություն։
- Դուք քաղաքակա՞ն գործիչ եք, թե՞ պետական։
- Ես ինձ համարում եմ պետական գործիչ։
- Որտե՞ղ եք ծառայել։
- Սովետական բանակում չեմ ծառայել, որովհետեւ ինստիտուտից հետո գյուղական ուսուցիչ եմ աշխատել, իսկ նրանց բանակ չէին տանում։
- Դուք բռնկուն եք, չեք սիրում ամբոխավարությունը, կտրուկ եք արտահայտությունների մեջ։ Դա հոյակապ կերպով շահարկվում է ընդդիմության կողմից։ Չե՞ք գտնում, որ կա իմիջմեյքերի խնդիր։
- Ես երբեք չեմ մտածել իմ իմիջի մասին։ Միտումնավոր եմ դրել ինձ այդ վիճակի մեջ, որովհետեւ մեր կարգի կայացող պետություններում պետք է լինեն մարդիկ, որ իրենց վրա վերցնեն այդ զործը։ Իմ տեսակը դա չէ։ Դա ավելի շուտ սկզբունք է։ Ինչ արել եմ, արել եմ գոռով։ Զոռով բանակ եմ տարել, զոռով եռամսյա զորակոչ եմ արել։ Պետնախարար էի` անունս դրել էին փեդնախարար։ Հիմա էլ վերածել են համազգային բոբոյի։ Ժողովուրդը մեղավոր չէ, ինքս եմ ինձ այդ վիճակի մեջ դրել։ Պետք է լիներ մեկը, որ նաեւ դրսի խուժանի հետ կռվեր։ Վերջերս տեսա, որ իմ կերպարը նույնացվում է բանակի հետ, եւ չի կարելի իմ կերպարով բանակին վնաս տալ։ Հիմա այն, ինչ որ առաջ ուժով եմ արել, ուզում եմ անել սիրով, հասկացողությամբ, գաղափարով, այսինքն` ուզում եմ վերադառնալ իմ ճիշտ ոճին։ Ընդ որում, շրջապատը շատ լավ գիտի, որ ես Հայաստանի բոլոր վարչապետների հետ էլ պրոբլեմ չեմ ունեցել, ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել որեւէ քաղաքական կուսակցության հետ։ Այդ բացասական կերպարը շատ նրբորեն շինվեց։
- Ո՞ր զորավարի կերպարն է ձեզ համար հոգեհարազատ։
- Դը Գոլի։
- Մենք ունե՞նք Դը Գոլ։
- Մենք դեռեւս կարճ կենսագրություն ունեցող պետություն ենք, եւ ժամանակներն այնքան հախուռն են, որ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Այդ պետությունը հիմա լավագույն դեպքում ենթադրում է նժդեհյան կերպարներ։
- Կողմնակիցնե՞ր ունեք, թե՞ հետեւորդներ։
- Եթե ուզեի, կունենայի ավելի շատ հետեւորդներ, քան կողմնակիցներ։ Բայց ուզում եմ ունենալ կողմնակիցներ, որոնք նվիրված լինեն ոչ թե ինձ, այլ այն գործին, որը ես անում եմ։ Ես իմ գործին շատ եմ հավատում, հավատում եմ նաեւ, որ իմ գործը նորմալ, անշահախնդիր եմ անում։
- Ո՞ր միջավայրում եք դիսկոմֆորտ զգում։
- րեթե բոլոր միջավայրերում։ Դիսկոմֆորտ չեմ զգում միայն, երբ որ մենակ եմ։ Դա երեւի գալիս է նրանց, որ հրեշավոր շատ շփումներ եմ ունենում, շատ եմ խոսում աշխատանքի բերումով։ Կար մի պահ, երբ երազում տեսնում էի` ինչպես երկու մարդ մոտենում են ինձ, եւ վեր էի թռչում այն մտքից, որ պետք է խոսեմ նրանց հետ։ Ես խոսում եմ այնպես, ինչպես ծանրամարտիկը ծանրաձող է բարձրացնում, ֆիզիկական ճիգեր գործադրելով։ Շատ նրբազգաց եմ, ու եթե, ասենք, մի 100 մարդ հավաքված է լինում, մեջքով զգում եմ կեղծիքը, փոխադարձ անհամակրելի պահերը, եւ այդ լիցքը փոխանցվում է նաեւ ինձ։
- Կա՞ գիրք, որ Ձեր ներաշխարհի ձեւավորման վրա որոշիչ ազդեցություն է ունեցել։
- Անկասկած, դա Հրանտ Մաթեւոսյանի գրականությունն է ամբողջապես։
- Ո՞ր ֆիլմն եք նախընտրում։
- Մել Գիբսոնի ՙԽիզախ սիրտը՚։
- Ի՞նչ կարգախոսներ ունեք, որ կուզեիք գրվեր քաղաքում։
1. Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ պետք է տա։
2. Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։
3. Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը
4. Չգիտեմ` համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ ոչ, բայց պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ, դա փաստ է։
- Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել Հայաստանը հինգ տարի հետո։
- Ես կուզեի տեսնել այն շատ կառուցիկ, շատ ինքնուրույն, ինքնաբավ, հզոր մշակույթ, դպրոց եւ բանակ ունեցող երկիր։ Մեծ նշանակություն եմ տալիս դպրոցին, որովհետեւ նա է հիմքեր ստեղծում։ Ցավոք սրտի, այդպիսի դպրոց հիմա չունենք։
- Ձեր պատգամը սերունդներին։
- Ինձ թվում է` պատգամ գրելու տարիքի չեմ հասել եւ պատգամ գրող մարդու արժանիքներ եւ ավանդ չունեմ։ Հիմա, արդյոք, կա՞ մարդ, որ պատգամ գրելու իրավունք ունի։
ՙՉՈՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՚ 15 սեպտեմբերի, 1997թ.