19 февр. 2012 г.

ԶԱՎԱ՛ԿՍ






Գարեգին Նժդեհ

ԶԱՎԱ՛ԿՍ

Էժան ձեռք չէ բերվում առյուծի մորթին:
Այդ այսպես լինելով հանդերձ` երբ մեծացար դու, զավա՜կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտություն չունենաս կարծելու, թէ Երկրագնդի վրա կարելի է փառքի տեր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարությունը գրգռելու: Զորավա՞ր ես յոթ վերք - չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա: Մեր աշխարհի լրբություններից մեկն էլ այդ է, չզարմանաս եւ չկրկնես զայրույթով«Թող զինվորն իր ստացած վերքերը եւ հովիվը` իր ոչխարները համրե»:
Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, երկչոտը` մութ անկյունից քար նետել հերոսին:
Նախանձը - մասնավորապես հայկականը - ընտրում է ճամբաներից ամենակարճը, եւ թույլատրելի համարում թշնամանքի բոլոր զենքերը:
Նա, որին դեռ երեկ էր, ինչ խլեցիր առյուծի բերնից, փրկեցիր ստույգ մահից` վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտրել:
Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիվ է համարում` վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դեմ:
Նա, որ երեկ խորապես կցավեր, թե հայոց դաշտերում չի աճում այն ազնիվ դափնեվարդը, որ արժանի լիներ հաղթական ճակատդ զարդարել` վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:
Մի՛, մի՛ զարմանար, եթե իրենց կյանքը սրիդ պարտողները այսպես վարվեն քեզ հետ, եւ մի՛ զայրանար, քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ՛, այլ` մարդ:
Սեր, հարգանք, պաշտամունք պարտադրել` նշանակում է իշխանություն ունենալ մարդկանց հոգիների վրա:
Պաշտամունք - ասել է` ճանաչում ենք մեր պաշտածի իշխանությունը, եւ բարոյական որոշ տուրք տալիս նրան:
Ուրիշների մեջ մենք, էապես, սիրում ենք այն, ինչ որոշ չափով կա ե՛ւ մեր մեջ:
Արին սիրում է արիությունը անգա՛մ իր հակառակորդների մեջ: Մենք սիրում ենք նրանց, որոնց նմանվում ենք մասամբ, եւ առնվազը` անտարբեր ենք դէպի այն բոլորը, որոնք հոգեբանորեն օտար են մեզ:
Հայրենապաշտը քո անձի մեջ տեսնում է մի բան իր ոգուց, եւ ցնծում քո հաջողությունների առթիվ: Անհայրենասերն, ընդհակառակը, քո անձի, քո գործերի մեջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն - եւ հենց այդ է պատճառը, որ նա չի՛ հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանությունը:
Ահա՛ թե ո՛ւր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերության, երբեմն էլ` թշնամանքի գաղտնիքը: Սինլքորներ կան, որոնց եթե ապտակեցիր, իրենց ստացած հարվածը կ'ընդունին ուղղված իրենց քաղաքական փարախի, եկեղեցու, ծրագրի դեմ: Թքեցի՞ր - թքված կհռչակեն իրենց տերերը, եւ նրանց կռնատակից կնետեն քեզ:
Ջրի պես շարժուն, ջրի պես ամեն ձեւ ու գույն առնելու ընդունակ` սրանք մեկի ստվերն են, մյուսի` արձագանգը, երրորդի` կապարճակիրը:
Մի աստվածություն ունեն - օրուա իշխանավորը, որի մանկլավիկը, պնակալեզը, շնիկը լինելու մեջ է իրենց երջանկությունը: Եւ միշտ էլ ունեն - մի ձեռքում խունկ, մյուսի մեջ` ցեխ: Վա¯յ քեզ, եթե կայսերաբար առատաձեռն չեղար սրանց նկատմամբ: Վա¯յ, եթե չգնահատեցիր սրանց սողունությունը: Եւ հազար վա¯յ, եթե ժպտալու փոխարեն «անհեռատեսություն» ունեցար բերան արյունելու չափ զորավոր կերպով քաշելու սրանց սանձը:
Նման չարարվեստ էակներից շաղախված մի ցածոգի ամբոխ, դարեր առաջ, արդարն Արիստիդեսին-իր ծայրահեղ ազնվության համար - հայրենի հողից ու ջրից  օգտվելու իրավունքից զրկեց. դա սպանեց Սոկրատեսին, եւ, ավազակների հետ` խաչ հանեց Նազովրեցուն:
Հայաստանից դուրս, իմ ճամբին քար ու տատասկ ցանողներ շատ եղան: Գիտեմ, զավա՛կս, տարբեր ճամբա պիտի չունենաս նաեւ դու: Եւ եթե քեզ հաջողվեց ոտքերիդ արյունով հագեցնել տատասկները, եւ քարերը վերածել վերելքդ հեշտացնող մարմարիոնե սանդուխների` վատերը պիտի կուրանան, որպեսզի չտեսնեն մեծությունը կատարածդ գործի: Հեռու հայրենի լեռներից, ես սովորեցի թքել ինձ թշնամացող նախանձոտ տգիտության ու չարության վրա - թքել ու անցնելՔեզ, սակայն, պիտի չհանձնարարեմ այդ վարքագիծը: Դու աշխատի՛ր ավելի՛ զորավոր լինել, քան եղավ հայրդ: Դու սովորի՛ր ծիծաղել մարդկային վատությունների վրա ու անցնել անցասում:
Ո¯հ, ուր էր թե գեթ քո սերունդը ազատ մնար անհայրենիք կյանքի անեծքից, եւ արդար փառքը - առյուծի մորթին - դու փնտրեիր հայրենի ազատ եւ անկախ աշխարհում` միշտ գիտակցելով, որ հազարիցս լավ է պատմական մի գործ կատարել, թեկուզ հազար թշնամի շահելով, քան մարդկային չարությունից զերծ մնալու գնով` դուրս մնալ պատմությունից
:
«Ռազմիկ», 1940թ., 25 դեկտ., թիւ 1
 Գարեգին Նժդեհ