10 мар. 2013 г.

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ.Մաս 1: ԲՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԱՍՏԱՆ



«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է ՀՀ Կառավարության՝ 2009 թվականի ապրիլի 16-ի N 405-Ն որոշման համաձայն` ՀՀ Շիրակի մարզում:

Ազգային պարկի ստեղծումն ունի երկար պատմություն:
Պարկի ստեղծման նպատակը Շիրակի մարզի Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած տարածքների, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն է:

Ազգային պարկի ընդհանուր տարածքը շուրջ 62.000 հա է: Այստեղ աճում է մոտ 670 տեսակի բույս, այդ թվում՝ «ՀՀ Կարմիր գրքում» գրանցված ալպյան մանուշակը, գիհին, պտենին, ալպիական, սուբալպիական եւ ջրաճահճային արժեքավոր այլ բույսեր: Ազգային պարկում պահպանվում են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, հովազը, «Միջազգային կարմիր գրքում» գրանցված Դարեւսկու իժը և թռչունների շուրջ 140 տեսակներ, որոնցից 80-85-ը նաև բնադրվում են այդտեղ: Նշված 80-85 տեսակներից 7-ը համաշխարհային պահպանման մտահոգության առարկա են` ներառյալ գանգրափետուր հավալուսնը և մարգահավը: Նշվածներից զատ՝ Արփի լճի կղզիներում ձվադրվում է նաև Էնդեմիկ հայկական որորը:

Նշենք, որ «Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է «Հայաստանի Շիրակի մարզում ազգային պարկի եւ արգելավայրերի ստեղծում» ծրագրի շնորհիվ, որն իրականացնում են Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունները՝ KFW գերմանական զարգացման բանկի միջոցներով:

Ծրագիրը մեկնարկել է 2007 թվականին:

Հավելենք, որ 2012թ. աշնանը՝ հոկտեմբերի 19-ին, Շիրակի մարզում ՀՀ Բնապահպանության նախարարի, այլ բարձրաստիճան հյուրերի, այդ թվում՝ միջազգային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կայացել է «Արփի լիճ» ազգային պարկի հիմնական ենթակառուցվածքների հանձնման արարողությունը:
Մասնավորապես մարզի Ղազանչի համայնքում բացվել է«Արփի լիճ» ազգային պարկի այցելուների նորակառույց կենտրոնը: Այն միաժամանակ ՀՀ Բնության պետական թանգարանի մասնաճյուղն է, որն իր այցելուներին է ներկայացնում տեղեկություններ տարածքի հարուստ բուսական ու կենդանական աշխարհի, պատմամշակութային կոթողների, բնության հուշարձանների վերաբերյալ:
Նույն օրը Շիրակի Բերդաշեն համայնքում շահագործման են հանձնվել «Արփի լիճ» ազգային պարկի նորակառույց վարչական շենքը, հյուրատունը, ավտոտնակներ և պահակատուն: Արարողության վերջում վարչական շենքի տարածքում կատարվել է ծառատունկ:

Հեղինակ` Զարուհի Բաբաջանյան







Արփի լիճը ՀՀ տարածքում գտնվող երկրոդ խոշոր ջրավազանն է՝ Սևանա լճից հետո։ Այն գտնվում է Աշոցքի սարահարթում՝ 2020 մ բարձրության վրա։ Նրա հայելին զբաղեցնում է ավելի քան 20 քկմ մակերես, ջրի ծավալը 105 մլն խմ է։ Լիճը սնվում է աղբյուրներից և գետակներից։ Ձմռանը սառցակալում է։ Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը։

Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Այստեղ բազմանում են ծածան և խրամուլ ձկնատեսակները։