9 сент. 2012 г.

ՀԵՐՈՍ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՄԱՅՐԸ



      «Առաջին անգամ ես նրա լուսանկարը տեսա 1990 թվականին Վազգեն Տեր-Հարությունյանի տանը, հին սնդուկանման ճամպրուկում` սրբազան հուշաիրերի, հագուստների, փաստաթղթերի, նամակների արանքում: Նրա խորհրդավոր ու հմայող կերպարը անմիջապես գրավեց իմ ուշադրությունը: Փոքր-ինչ խիստ, վայելչակազմ, հպարտ կեցվածքով, իսկ աչքերում անսահման բարություն ու գթասրտություն: Դա այն կնոջ լուսանկարն էր, ով լույս աշխարհ էր բերել, մեծացրել ու դաստիարակել... Գարեգին Նժդեհին»:

          20-ական թվականներին, երբ Նժդեհն արդեն արտասահմանում էր, սկսվեց բոլշեւիկյան տեռորը, եւ Լեւոնի ընտանիքին մոր հետ միասին Արմավիրից աքսորեցին Սիբիր:
Երեք տարի անց նրանց թույլ տվեցին վերադառնալ Հյուսիսային Կովկաս, սակայն ոչ Արմավիր, այլ Վլադիկավկազ: Հետագայում նրանք ստիպված են եղել ապրել Ախալցխայում, Թբիլիսիում, եւ միայն Ստալինի մահվանից հետո նրանց թույլ տրվեց վերադառնալ Հայաստան:

    1937 թվականի աշնանը Օլյան՝ Լեւոնի ավագ դուստրը, Հայաստանից մեկնում է Վլադիկավկազ ու իր հետ Դիլիջան տանում տատիկին: Մի քանի ամիս անց, սակայն, Տիրուհու առողջական վիճակը վատթարանում է, եւ 1938 թվականի փետրվարի 21-ին նա վախճանվում է:
   Նժդեհի ազգականուհիներից Լիլյա Սաժումյանի վկայությամբ՝ Տիրուհի Տեր- Հարությունյանը թաղված է Դիլիջանի քաղաքային գերեզմանոցի հին հատվածում: Երկար ժամանակ անհայտ էր, թե որտեղ է նրա շիրիմը, եւ միայն 2001 թվականին, երբ լրանում էր Գարեգին Նժդեհի ծննդյան 115 ամյակը, գտնվեց Սպարապետի մոր գերեզմանը, որը դարձավ ազգային նոր ուխտատեղի:

          Հայտնի է, որ Նժդեհը հասուն տարիքում գրեթե չի ապրել մոր հետ, սակայն, ինչպես փաստում են «Առյիւծածին մայրեր» եւ «Բանտային գրառումներ» գրվածքները, մոր լուսավոր կերպարը միշտ էլ ուղեկցել է Նժդեհին: Մասնավորապես կյանքի վերջին տարիներին եղբորը հասցեագրված նամակներում հաճախ է խնդրել իր փոխարեն այցելել մոր շիրիմին: 1952-ին գրված եւ այդպես էլ հասցեատիրոջը չհասած նամակներում կան այսպիսի տողեր. «Եթե դեռ ողջ է սիրելի մայրս, համբուրիր ձեռքը, իսկ եթե մահացել է, ապա՝ գերեզմանը» ....կամ....«Զգում եմ, որ սիրելի մայրս մահացել է, իմ փոխարեն համբուրիր նրա գերեզմանը»:

          Ահա այն ամենը, ինչ մենք գիտենք Մեծն Նժդեհի մոր՝ Տիրուհի Տեր-Հարությունյան-Գյուլնազարյանի մասին:


Թարգմանությունը՝ Զարուհի Բաբաջանյանի