28 дек. 2011 г.

ԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈւՅԹՆ Ու ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ





    Միջնադարյան Հայաստանի մեծահռչակ Անի մայրաքաղաքը 4-5 հարյուրամյակ եղել է երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի, մշակույթի  հասարակական հարաբերությունների գլխավոր կենտրոնը: Անին տնտեսական ու մշակութային կապերով առնչվում էր հարևան ու հեռավոր երկրների հետ: Լինելով  Մերձավոր Արևելքի խոշորագույն քաղաքներից մեկը և ունենալով լայն կապեր` այն իր պատմական ընթացքով ու հասարակական-տնտեսական- սոցիալական  հարաբերությունների արտահայտումներով բանալի է տալիս լուսաբանելու ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների միջնադարյան քաղաքների պատմության հետ կապված զգալի թվով հարցեր:                                                                                                                                    Անի մայրաքաղաքը մտնում է Արարատյան աշխարհի Շիրակ գավառի մեջ, գրավելով  Ախուրյան ու Անի (Ծաղկաձոր, Ալաջա) գետերի խորը ձորերով ակոսված եռանկյունաձև մի սարահարթ, որը հյուսիս-արևելքում միացած է Շիրակի դաշտին` կազմելով նրա հարավային մասի բնական շարունակությունը: Եռանկյունաձև այդ սարահարթը քարքարոտ է ու ալիքավորված:                                                                              
 Քաղաքի պաշտպանության համար խիստ կարևոր նշանակություն են ունեցել Ախուրյանի և  նրա աջակողմյան Անի վտակի անդնդախոր ու զառիվեր ձորերը: Անիի մայր գետն Ախուրյանն էր, որը քաղաքի տարածքում հոսում է արևելքից արևմուտք` 35-80 մ խորությամբ խիստ զառիվեր կողեր ունեցող ձորով` հարավային մասից անմատույց դարձնելով Բագրատունիների մայրաքաղաքը:                                               
 Անիի տեղում բնակավայր է եղել դեռևս հնագույն ժամանակներից և դրա իրեղեն վկայությունն այն ընդարձակ գերեզմանոցն է, որ գտնվում է քաղաքի ավերակներից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այդտեղ հայտնաբերված իրերը վերագրում են 8-7-րդ դդ (մ. թ. ա)  և համարվում են ամենահին իրեղեն փաստերն Անիի տարածքում բնակավայրի գոյության մասին: Քաղաքի ամենահին մասը, եթե այդպես կարելի է արտահայտվել Աղջկաբերդի ժայռային թերակղզին է, որտեղ տեղադրված է եղել մի հնագույն ամրոց և հեթանոսական  տաճար:                        
 Հայ պատմագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի կեսին, կապված Սասանյան Պարսկաստանի դեմ ուղղված Վարդանանց ազատագրական պատերազմի հետ: Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Անիի` 885-961 թվականների վիճակը, նրա խաղացած դերը առաջին Բագրատունի թագավորների օրոք, սովորական ամրոցից քաղաքի վերածվելու ժամանակի և հանգամանքների հետ կապված հարց      երը, այդ ժամանակներից պահպանված հուշարձանների և նյութական մշակույթի մնացորդների բնույթն ու ծավալը:                                                                                                         Առաջին Բագրատունի թագավորների օրոք Անին մայրաքաղաք չէր, բայց սերտորեն առնչվում էր երկրի ներքին և արտաքին քաղաքական դեպքերին, հաճախ գտնվելով ուղղակի դրանց կիզակետում: 10-րդ դ. առաջին կեսին Անին ամրոցում լինելու հետ միասին նաև քաղաքային  տիպի բնակավայր էր:                                                                                                               Պատմական հանգամանքների բերումով Բագրատունի առաջին թագավորների օրոք մեկը մյուսին փոխարինել են երեք մայրաքաղաքներ` Բագարան, Շիրակավան, Կարս: Դրանցից ոչ մեկը չուներ մայրաքաղաք լինելու այն տվյալները, որ ուներ Անին, այն ժամանակվա Շիրակի <ամենահարուստ կենտրոնը>, մի այնպիսի կենտրոն, որը Լեոյի պատկերավոր արտահայտությամբ, <կարող էր որոշ գույն հաղորդել Բագրատունյաց թագավորությանը, որոշ կնիք դրոշմել նրա կերպարանքի վրա>: Անին մայրաքաղաք հռչակելը դարձել էր մի տեսակ անհրաժեշտություն: Այդ անհրաժեշտությունը հասունանում է 961 թ. և այն իրականացնում է Բագրատունի Աշոտ 3-րդը, ով կրում էր Ողորմած մականունը:                                                                                    
      Անիին մայրաքաղաքի առաջին տեսք տվողը հանդիսացավ Աշոտ 3-րդը: Նա նախ կառուցում է քաղաքի ներքին բուրգավոր ու աշտարակաձև պարիսպը (963-964): Ենթադրվում է, որ նրա օրոք է անցկացվել քաղաքի ջրմուղը և կառուցվել արքունի պալատի որոշ մասեր: Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում երկրի տնտեսական և մշակաթային կյանքի մեծ առաջադիմության, քաղաքային կյանքի աննախընթաց զարգացման հետ միասին Անին արագորեն վերածվում է խոշոր, բազմամարդ բարեկարգ քաղաքի, արհեստագործության ու առևտրի զարգացման մշակույթի հայտնի կենտրոնի: Եվ այդ բոլոր նվաճումները Անիում ձեռք են բերվել մեկ հարյուրամյակից էլ պակաս ժամանակի ընթացքում (961-1045թթ.): 993 թվականից կաթողիկոսական աթոռը նույնպես տեղափոխվում է Անի:                                                               
 10-11-րդ դարի տնտեսական ընդհանուր վերելքի առանձնահատուկ կողմերից մեկը քաղաքային կյանքի աշխուժացումն էր: Ըստ Մանանդյանի քաղաքային այդ բուռն վերելքը միջազգային տարանցիկ առևտրի հետևանք էր: Անին միջնադարյան այն հազվագյուտ քաղաքների շարքին էր պատկանում, որոնք համեմատաբար խիտ էին բնակեցված: Քաղաքի բուն տարածքում ցանկատարածություններ չկային և նրա պարսպապատ մասը համեմատաբար ընդարձակ էր: Սակայն քաղաքը չէր սահմանափակվում միայն պարսպապատ քաղաքամասերով: Նրա բաղկացուցիչ մասերն էին նաև արվարձանները, որոնք քաղաքը շրջապատում էին  գրեթե բոլոր կողմերից: Պակաս միջոցներ ու աշխատանք չէին գործադրվել նաև Ստորերկրյա Անին ստեղծելիս, որի գոյությունը հիմնականում կապված էր մայրաքաղաքի պաշտպանությունն ավելի բարձրացնելու համար:                                                Պետական շինարարության մեջ քաղաքում իր ծավալով երկրորդ տեղը գրավում էին պաշտամունքային կառույցները`եկեղեցիները: Առանձնապես նշվում է նրանց կառուցման համար օգտագործվող շինանյութը, նրանց գույն, ճարտարապետական-գեղարվեստական հնարքների ընդհանրությունները: Դրա հետ մեկտեղ մեծ մասշտաբներ էր կազմում նաև քաղաքացիական շինարաությունը: 50-60 տարվա ընթացքում Անիում կառուցվել են հազարավոր կառույցներ: Քաղաքացիական շինությունների մյուս խումբը իր մեջ ընդգրկում էր պալատներն ու դղյակները: Իր նշանակությամբ կարևորվում է նաև Անիի բաղնիքը, որը ունեցել է երկու կարգի հատված` պալատական և հասարակական օգտագործման:                                                                                  961-1045 թվականներին Անիում կերտվել են տասնյակ ճարտարապետական մոնումենտալ կառույցներ` պալատներ, կոթողներ, բուրգավոր պաշտպանական պարիսպներ , սքանչելի կամուրջներ, անկրկնելի տաճարներ ու եկեղեցիներ: Դրանցից հատկանշական է արքայական պալատը, որը ձևավորվել է երկար ժամանակների ընթացքում, բայց հիմքը դրել են Բագրատունիները: Այն նկարագրվում է շատ վառ գույներով: Պալատը ունեցել է գեղեցիկ դահլիճ, բազմաթիվ սենյակներ: Իրենցից կարևոր նշանակություն են ներկայացնում նաև Մանուչեի մզկիթը, Աշոտյան և Սմբատյան պարիսպները, Անիի Մայր տաճարը, Առաքելոց եկեղեցին, Փրկիչ եկեղեցին, սբ. Գրիգոր եկեղեցին և բազում այլ եկեղեցիներ: Վերը նշվածներից, որպես մշակութային կարևոր կոթողներ անհրաժեշտ  է առանձնացնել Անիի Մայր տաճարը և Առաքելոց եկեղեցին:                                                                                                        Անիի Մայր տաճարը կառուցվել է 989-1001 թվականներին: Այն համարվում է յուրահատուկ խորհրդանիշ: Այն կառուցված էր այնպես, որ երևում էր քաղաքի բոլոր մասերից և դիտողի առջև բացում էր Անիի ընդհանուր համայնապատկերը: Այն իր մեծությամբ զիջում էր միայն արքայական պալատին:                                                                         Առաքելոց վանքը համարվում է Անիի ամենահայտնի կառուցվածքներից մեկը, որը մեզ է հասել կիսաքանդ և նրա կառուցման մասին վկայություններ չեն հասել:                                                               
      10-13-րդ դարերի առաջադիմությունը տնտեսական կյանքին հավասար վերաբերում էր նաև մշակույթին` դպրոցներին, գիտությանը, մատենագրությանը, արվեստին, գրականությանը: Մշակույթի հայտնի կենտրոններ էին դարձել Տաթևը, Աղթամարը, Նարեկավանքը, Հաղպատը,Սանահինը:                                                                                                 Անիի թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասնում Գագիկ 1-ինի օրոք (990-1020): Նրա մահվանից հետո անմիջապես սկսվում է քաղաքական անկման, ներքին երկպառակությունների և արտաքին թշնամիների ոտնձգությունների շրջանը: Երկրի անկախությանը սպառնում էր բյուզանդական վտանգը: Բյուզանդական կայսրությունը գրավելով Հայաստանի զանազան մասեր`աստիճանաբար մոտենում էր Անիին: Ընդհանուր առմամբ բյուզանդացիները չորս արշավանք են կազմակերպում Անիի դեմ, որոնք բոլորն էլ ավարտվում են նրանց պարտությամբ: Բյուզիանդիան Անին գրավելու համար զենքի փոխարեն կամ, ավելի ճիշտ, զենքից բացի գործի է դնում իր նենգ ու խարդախ քաղաքականության բոլոր օղակներն ու միջոցները: Եվ այդ պահից ի վեր մինչև Բագրատունիների մայրաքաղաքի գրավումը ու նրա վերջին թագավորի գահազրկումը, Անիի պատմությունը Բյուզանդիայի և նրա գործակալների հարուցած ողբերգական դեպքերի մի տխուր ժամանակագրություն է, արաբական խալիֆայության դեմ ուղղված ազատագրական պատերազմներով ձեռքբերված քաղաքական անկախության կորստի մի մռայլ շրջան, երբ կայսերական իշխանությունները բացահայտ պայքարը փոխարինել էին խարդախ դիվանագիտությամբ: Այդ ամենի արդյունքը Տրապիզոնի 1022 թ գործարքն էր, որի համաձայն Անին արդեն համարվում էր Բյուզանդիայի < օրինական ժառանգություն>: 
                                                                                         Բյուզանդական 20 տարվա ճնշված վիճակից հետո Անիի վրա այժմ կախվում է Սելջուկ թուրքերի կողոպտիչ նվաճումները: Նրանք Անի են մտնում 1064 թ-ին: Անեցիները մեկ ամիս համառ պայքար են մղում, բայց սելջուկներին հաջողվում է գրավել քաղաքը: Դա ծանր հարված էր Անիի նման  ծաղկուն քաղաքի համար: Անին որոշ ընդհատումներով մինչև 1199 թ մնում է սելջուկների դաժան և ծանր լծի տակ: Այդ վիճակը ծանր հետևանք է ունենում քաղաքի տնտեսական կյանքի վրա: Բացասաբար է ազդում ներքին և արտաքին առևտրի վրա: Դրա հետևանքով տեղի է ունենում մասսայական գաղթ, որի հետևանքով համեմատաբար կրճատվում է քաղաքի բնակչության թիվը:                                                                   11-րդ առաջին կեսին սկսվում է Վրաստանի միավորումը և զարգացումը: Այդ ամենը մեծ արձագանք է գտնում հայերի մոտ: Հենց այդ ժամանակ էլ արդեն սկսվել էր սելջուկների պետության քայքայումը: Եվ դա հարմար առիթ հանդիսացավ երկու դրացի պետություններին միավորվելու ընդհանուր թշնամու դեմ պայքարի համար: Այդ պայքարի շնորհիվ ազատագրվում է Անին: Այն տեղի է ունենում 1199 թ վրաց Թամարա թագուհու օրոք, ում օգնում էին նաև հայկական զորքերը: Ընդհանուր ռազմական գործողությունների գլուխ էին կանգնած Զաքարյանները, որոնք Վրաստանի քաղաքական կյանքում մեծ կշիռ ունեին:                                                                                                                          Ճիշտ է Զաքարյանների ինքնուրույնության շրջանը կարճատև էր` շուրջ 36-37 տարի, բայց դա էլ բավական էր Անին նորից բարձրացնելու և բարեկարգելու համար: Անին կրկին դառնում  է արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն, մշակույթի ու հասարակական կյանքի նշանակալի օրրան: Զաքարյանների օրոք, ինչպես այն ժամանակ ընդհանուր մարդահամարներ չեն անցկացվել, բայց ըստ համեմատությունների բնակչության սոցիալական կազմը էական փոփոխությունների չի ենթարկվել:                                                                       Տնտեսական վերելքին զուգընթաց 10-13-րդ դարերում, սելջուկյան տիրապետության շրջանում որոշ ընդհատումից հետո, բուռն առաջընթաց է ապրում հայկական մշակույթը` դպրոցը, գիտությունը, գրականությունը, արվեստը: Այդ առաջընթացում իր բաժինն ուներ նաև Անին: Անին նույնպես անմասն չի մնացել գիտության զարգացման ընդհանուր գծերից:                                                                                                      Անին առաջատար էր նաև ճարտարապետության բնագավառում: Չնայած 13-րդ դարի ընթացքում Հայաստանի բազմաթիվ գավառներում կերտվում էին ճարտապետական հրաշալի կոթողներ, սակայն մինչև 14-րդ դարը ճարտարապետության բնագավառում առաջնության դարփնին շարունակում էր մնալ Անիի ձեռքին: Դրա հետ մեկտեղ Անիում տարածված էր նաև քանդակագործությունը, գեղանկարչությունը, որմնանկարչությունը: Կարելի է նշել նաև թատրոնի մասին, որը կարծես գտնվում էր իր զարգազման յուրահատուկ շրջանում: Այդ ամենը մեզ հայտնի են հնագիտական պեղումներից:                                                              Զաքարյանների զարգացման խաղաղ շրջանին հաջորդում է մոնղոլների ծանր լուծը Հայաստանում: Նրանց նվաճումները Անդրկովկասում սկսվում են 1236 թվականից: Նրանց արշավանքը Անիի համար ճակատագրական էր: Մոնղոլների հարվածից հետո Անին էլ երբեք լիովին չի վերականգվում: Ավերումը համատարած էր, կոտորածը`ահռելի:                                                                                                   Չնայած վաղուց Անին մայրաքաղաք չէր, որովհետև Հայաստանի`1045 թվականին կորցրած քաղաքական անկախությունը այլևս չվերականգնվեց, սակայն միջնադարյան բոլոր կարգի հեղինակները, պատմության իներցիայով, շարունակում էին այն կոչել մայրաքաղաք, նույնիսկ հետագայում, երբ վերածվել էր ավերակների կույտի: