13 февр. 2012 г.

ՍՈւՐԲ ՍԱՐԳԻՍ-ՍՈւՐԲ ՎԱԼԵՆՏԻՆ

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ, ԹԵ՞ ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆ

Որպես գլոբալացվող աշխարհի մի մաս` մենք` հայ երիտասարդներս, տարվա ընթացքում սիրահարների երկու տոնի հնարավորություն ունենք` Սբ Վալենտին եւ Սբ Սարգիս: Եթե առաջինը մեզանում ժողովրդականություն է սկսել վայելել բոլորովին վերջերս եւ առավելապես սիրված է չափազանց գունեղ եւ լուսավոր խորհրդանշանների շնորհիվ, ապա Սբ Սարգսի տոնն իր բարի ու լուսավոր խորհրդից զատ` տոնի հետ կապված մեր նախնյաց դրական բոլոր հույզերն ու ապրումները նույնիսկ դարերի հեռավորությամբ կիսելու հնարավորություն է նաեւ, ինչն առավել ջերմ ու հարազատ է դարձնում այն մեզ համար:
Սուրբ Սարգսի տոնը երիտասարդների երկրորդ սիրո տոնն է: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում”: Սբ Սարգսի տոնին չամուսնացած երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց երկրորդ կեսին”,- այսպիսին է այսօրվա երիտասարդների կարծիքը Սուրբ Սարգսի տոնի վերաբերյալ:
Սբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական ավանդույթներով:
Սբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: “Մեծ ժողովրդականություն ունեցող Սբ Սարգսի տոնը 20-րդ դարի կեսերին կենցաղում, ընդհանուր առմամբ, անկում էր ապրում` չնայած դրա առանձին տարրերի մասնակի պահպանմանը: Խոսքն ամենից առաջ վերաբերում է կենցաղում դրա ամենատարածված բաղադրիչին` երիտասարդության բախտագուշակման ծեսին, որն այդ օրվան այլընտրանքային անվանում է տվել, հաճախ ասում ենք` “աղի բլիթի տոն””,- նշում է ազգագրագետ Սամվել Մկրտչյանը:

Ըստ հայոց եկեղեցական տոնացույցի` Սուրբ Սարգսին նվիրված տոնը նշում են Քրիստոսի Հարությունից կամ Մեծ Զատիկից 63 օր առաջ` շաբաթ օրը: Այն ունի 35 օրվա շարժականություն եւ կատարվում է հունվարի 18 փետրվարի 23 ժամկետային ընթացքում:
Ըստ ավանդության` Սբ Սարգիսը քաջ եւ ազնիվ զորավար է, ով միշտ օգնում է թույլերին ու անմեղներին` միաժամանակ պատժելով չար մարդկանց: Սբ Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Աղքատ աշուղը սիրահարվում է մի մեծահարուստի աղջկա: Վերջինս եւս սիրում էր նրան, սակայն աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու նպատակով գնալ օտարություն: Սակայն մինչեւ այդ սիրահարված երիտասարդը իր սիրած էակից խոստում է առնում յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ընտրած փեսացուի հետ: Յոթ տարի շարունակ աշխատելով` աշուղը կարողություն է ստեղծում եւ տունդարձի ճամփա ընկնում: Ճանապարհը լի էր փորձանքներով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե աշուղը չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված` նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Սբ Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությանը: Սբ Սարգիսը, լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ, իսկույն հայտնվում է, աշուղին նստեցնում ձիու գավակին եւ մի ակնթարթում հասցնում տեղ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղի անկոտրում կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ամենատարածված արարողությունը կառուցված է ծիսական գլխավոր ուտեստի շուրջը: Ուրբաթ երեկոյան տանտիրուհիները` հատկապես տարեցները, վերցնում էին սկուտեղը, վրան մանր-մանր մաղով փոխինդ շարմախում, մոմեր կամ կանթեղ վառում ու դնում դռան ետեւը կամ դուռը բաց տան մեջ, աստղերի տակ, շատ դեպքերում նաեւ եկեղեցու մոտ` հուսալով, որ Սբ Սարգիսը կայցելի եւ իր ձիու պայտի հետքը կթողնի փոխինդի վրա: Մեծ երջանկություն էր, երբ նրանք առավոտյան ուշադիր ստուգում ուգտնումէին
պայտի հետքը փոխինդի վրա եւ, ըստ այդմ, գուշակում, որարժանի կլինեն դրախտին” ,- պատմում է ազգագրագետը: Տոնն առանձնանում է երիտասարդության` մասնավորապես արբունքի հասած աղջիկների բախտագուշակության ծեսերով: Սբ Սարգսի տոնի նախորդ օրը` ուրբաթ երեկոյան, երիտասարդներն աղի բլիթ էին ճաշակում` գիշերը երազ տեսնելու ակնկալությամբ: Հավատում էին, որ այդ գիշեր երազում ծարավը հագեցնելու նպատակով իրեն ջուր տվողն անպայման կլինի կյանքի ընկերը: Եթե երազում մատուցված ջրի բաժակը ոսկուց էր լինում, ասում էին, որ ապագա ամուսինը շատ հարուստ է լինելու, եթե արծաթից էր` միջին ունեցվածքի տեր, իսկ եթե պղնձից կամ կավից էր` աղքատ: Ջրի քանակությամբ էլ փորձում էին գուշակել ապագա փեսացուի կամ հարսնացուի հետ ապրելու տարիների տեւողությունը: